Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:
Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:
Այսօր պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հանդես գալով հենացատկի վարժության որակավորման փուլում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:
Հաղթողի կոչմանն արժանացել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: