Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու և հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների աջակցության ձևերը, թանգարանների աշխատակիցների մասնագիտական որակավորման չափանիշները, ատեստավորման մեխանիզմները և այլն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախագծի ընդունմամբ կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը լրամշակվել է պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Լիլիթ Գալստյանի ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա: Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացվել են լրացումներ, նոր հասկացություններ և իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են թանգարանների հավատարմագրման հարցին, թանգարանային կրթությանը, ինչպես նաև լրամշակվել է ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հոդվածը: Լիլիթ Գալստյանի կողմից առաջարկված հասկացություններից ընտրվել և նախագծում լրացվել են «արգելոց-թանգարան» և «թանգարանային նշանակության առարկա» հասկացությունները:
Հաշվի են առնվել նաև օրեր առաջ թանգարանների մոտ 5 տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հնչած առաջարկները:
Հաշվի առնելով որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների՝ ԱԺ պատգամավորներին ուղղված նամակները՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Հարակից զեկույցում Թագուհի Ղազարյանը խոսել է ընդունված և չընդունված առաջարկների մասին, տվել պարզաբանումներ: Պատգամավորն անդրադարձել է եկեղեցու իրավասության ներքո գտնվող 6 թանգարաններին: Եկեղեցու ներքո գտնվող թանգարանները մասնավոր են և նրանց վրա պետք է տարածվեն մասնավոր թանգարանների կարգավորումները: Այդ թանգարաններն առանձնահատուկ են Հայաստանի մշակութային կյանքում և պատմության մեջ, ուստի այդ անչությամբ ավելի փոքր կազմով քննարկումներ կլինեն: Թագուհի Ղազարյանը նշել է, որ պետությունը պատրաստակամ է առաձնակի հոգածություն ունենալ այդ թանգարանների նկատմամբ՝ պետական թանգարանների տրամաբանության մեջ, սակայն եկեղեցին էլ ամբողջությամբ պետք է հայտարարագրի այն գույքը, որը թանգարանային գույք է համարվում: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերում: