ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար, նշեց՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար՝ վերջին ժամանակահատվածում չորս անգամ այցելել է Փարիզ, սակայն ընդգծեց՝ մեծ պատիվ է պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին:
«Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ակներև վկայություն է այն բանի, որ թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի»,- ասաց Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին և Սեբաստիեն Լըկորնյուին համագործակցության զարգացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և անձնական ներդրման համար:
Նախարարը տեղեկացրեց՝ րոպեներ առաջ ավարտված քննարկումներն անցել են բովանդակային և գործնական մթնոլորտում:
«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները: Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Պապիկյանը գոհունակությամբ նշեց՝ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով, տեղեկացրեց՝ ֆրանսիացի գործընկերոջը քննարկումների ընթացքում ներկայացրել է նաև ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային և անվտանգային հարցերի, կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և Հայաստանի՝ որպես ազատ, ինքնիշխան և ժողովրդավար երկրի կայուն զարգացումը:
«Ընդհանուր առմամբ քննարկումների ընթացքում գոհունակությամբ փաստեցինք նախկին պայմանավորվածությունների ու ծրագրերի կատարման ընթացքը, ձևավորեցինք առաջիկա անելիքների հարուստ օրակարգ:
Տեղեկացնեմ նաև, որ քիչ առաջ ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու այդ օրակարգի զարգացման համար»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը: