Նախորդ տարի այս տարվա համար մի քայլ արեցինք, և այս տարի ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք կհայտարարագրվեն: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ այս որոշումը կայացնում էինք, ես հիշում եմ, որ բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանով կաշխատի: Բայց ես գիտեմ նաև, որ արդեն իսկ Հայաստանի շուրջ 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս»,- ասաց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ 15 392 քաղաքացի է ներկայացրել հայտարարագիր, նրանք ներկայացրել են շուրջ 21 հազար հայտարարություն, այսինքն՝ մեկ անձը կարող էր վարձակալության տարբեր հարաբերություններում լինել:
«Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնո՞ւմ են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ, և 90 ու ավելի տոկոսը չի համընկնում, այսինքն՝ մեր օրենքը գործել է, և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան:
Մենք հիմա հաշվարկներ ենք անում, թե նախորդ տարվա համար որքան եկամուտ կստանանք այս տարի, երբ ամբողջական պրոցեսն ավարտվի: Այդ թիվը պարզ լինելու դեպքում կրկին կներկայացնենք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ ճի՞շտ է հիշում՝ նախկինում նախատեսված էր բնակարանի վարձակալության պարագայում հարկի վճարում, բայց գործնականում դա չէր արվում:
Բադասյանը հաստատեց, ապա հավելեց՝ քանի որ ինչ-ինչ պատճառներով մարդիկ խուսափում են պետական գրանցումից, ուստի պարզ համակարգեր են ներդրվել:
«Մենք պարզ համակարգեր ներդրեցինք Հարկային օրենսգրքում, որ թեև մենք չենք խրախուսում պետական գրանցման չենթարկելը, բայց եթե անձն ուզում է հայտարարագրել իր եկամուտները վարձակալությունից, պարզ ձևաչափով հայտարարագիր է ներկայացնում հարկային մարմին իր եկամուտների մասին, և հաջորդ տարի իր հայտարարագիրը ներկայացնում է»,- պարզաբանեց Բադասյանը: