ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը մեկնել է Թայվան՝ հայտնել է Թայվանի ամերիկյան ինստիտուտը։ Կոնգրեսականները կղզում կլինեն մինչև փետրվարի 24-ը:
Ըստ հաղորդագրության՝ նախատեսված են հանդիպումներ Թայվանի վարչակազմի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Օրակարգում են «տարածաշրջանային անվտանգության, առևտրի և ներդրումների» հետ կապված հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարությունն էլ հավանություն է տվել Թայվանին 75 միլիոն դոլարի կապի համակարգերի և համապատասխան սարքավորումների հնարավոր վաճառքին:
Չինաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է՝ Թայվանին զենքի հնարավոր վաճառքը ստիպում է Պեկինին կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և լարվածություն ստեղծում Թայվանի նեղուցում։
Մաո Նինգը կոչ է արել Թայվան մեկնած կոնգրեսականներին սխալ ազդանշաններ չուղարկել, նրա ձևակերպմամբ, կղզու անկախության օգտին հանդես եկող անջատողականներին: