Իսրայելական և պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, այդ թվում՝ հարավային Ռաֆահ քաղաքին, որտեղ այժմ 1 միլիոնից ավելի փախստական է ապաստանել:
Իսրայելական կողմը խոստանում է ցամաքային գործողություն իրականացնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, եթե ՀԱՄԱՍ-ը Ռամադանի ընթացքում բաց չթողնի Գազայի հատվածում պահվող գերիներին: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կոչ են անում ժամանակավոր հրադադար հաստատել և առանց խաղաղ բնակիչների համար անվտանգության միջոցառումների ապահովման ռազմական գործողություններ չձեռնարկել Ռաֆահում:
ՀԱՄԱՍ-ը հորդորել է Իսրայելին «հրաժարվել Ռաֆահը գրոհելու ցեղասպան մտքից»: Բենիամին Նեթանյահուն, սակայն, հայտարարել է՝ խաղաղություն հնարավոր է միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո, իսկ Իսրայելին պաղեստինյան պետություն պարտադրելու ցանկացած փորձ անընդունելի է:
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին՝ իսրայելական կողմը հայտնել է Մաալ Ադումիմ շրջանում ահաբեկչության մասին: Զինված անձինք կրակ են բացել Երուսաղեմ ուղևորվող ավտոմեքենաների վրա, ավելի ուշ իսրայելցի իրավապահներին հաջողվել է նրանց չեզոքացնել: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: