Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է: «Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել: «2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք:
Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկարի» բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսության արդիականացման ոլորտում էական ծրագրեր են իրականացվում: «Ներդրումային ծրագրերի առումով կուզեի ուշադրություն հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա: Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա: «Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ:
Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:
2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:
Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales, IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ: