Դանիան 10 տարով երկկողմ անվտանգության համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ՝ հայտնել են Դանիայի կառավարությից:
«Համաձայնագիրը նշանակում է, որ ապագա ռազմական և քաղաքացիական աջակցությունը կորոշվի առաջիկա 10 տարվա համար երկկողմ քաղաքական համաձայնագրի շրջանակներում»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ աջակցությունը կֆինանսավորի Ուկրաինայի համար դանիական հիմնադրամը, որը ներկայումս գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Կոպենհագենը համաձայնել է Ուկրաինային 245,4 մլն դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրել:
Նա նաև դաշնակիցներին կոչ է արել ավելի շատ միջոցներ ծախսել Ուկրաինայի զինված ուժերի համար՝ պնդելով, որ Ռուսաստանն աճող սպառնալիք է Եվրոպայի համար: