Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կազմած հանձնման միջնորդության հետ քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք՝ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել:
Փետրվարի 21-ի առավոտյան Զեյնալլին սոցցանցում հայտնել էր, որ իրեն տարել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանության բաժին, երբ պատրաստվում էր վերադառնալ Բաքու։ Զեյնալլիի խոսքով՝ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։
Ավելի ուշ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը
հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալլին սպանության համար միջազգային հետախուզման մեջ է։ Հաղորդվում է, որ ֆիթնես մարզիչը կասկածվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարեց բնակչին գլխատելու մեջ։
ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքու է վերադարձել ՀՀ-ի կողմից սպանության համար հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, և որ նրան դիմավորել են այնպես, ինչպես դիմավորել էին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին, ասել է.
«Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»: