Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ, և ես արդյունավետ եմ գնահատում աշխատանքի այդ ձևը, որովհետև շատ զգայուն հարց ենք քննարկում միասին, այսինքն՝ սահմանազատման հարցը ընդհանրապես ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին հանդիպումից հետո փոքր տեքստ է տարածվել, հանդիպումն արդյունավետ չէ՞ր:
«Որպեսզի հարթակը հնարավորություն ունենա օբյեկտիվ և կոնստրուկտիվ աշխատանքի, մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունով:
Հակառակ դեպքում պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա, եթե ամեն կողմը վերադառնա և սկսի մեկնաբանել, հանրային քննարկել աշխատանքների արդյունքները. կարծում եմ՝ հետագայում դա արդյունավետ չի լինի: Արդյունավետ եմ համարում միասնական հրապարակում ունենալը»,- ասաց նա:
Դիտարկումը, թե երբ գործընթացը գաղտնի է պահվում, հանրությունը կարող է «վատի մասին մտածել», Մհեր Գրիգորյանը որակեց «դիլետանտական»:
«Դիլետանտական է մոտեցումն առ այն, որ մենք կարող է գնանք, հանձնաժողովներով հանդիպենք ու ինչ-որ բան իրար հանձնենք. դա ուղղակի շատ նայիվ է, ու առնվազն դիլետանտական է այդ մոտեցումը, սա առաջին:
Երկրորդ. կարծում եմ՝ այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման որոշակի, շատ որոշակի սահմանադրական և օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել, և ասել, որ գնացել են և թաքուն են պահել, ուղղակի անիմաստ խոսակցություն է: Իսկ սահմանափակվելը մամուլի հաղորդագրությամբ շատ ճիշտ է, որպեսզի այդպիսի դիլետանտական շահարկումներ չլինեն»,- ասաց նա: