ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել (այլ իրազեկվել են վաղուց գործող օրենքով սահմանված պարտավորության մասին) և չեն հարկվի Հայաստանում:
Ինչպես 1lurer.am-ին հայտնեցին ՊԵԿ-ից, ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ.
-
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) դիմաց (արտագնա աշխատանքից) ստացված եկամուտներից, եթե եկամտի ստացման երկրում հաշվարկվել և վճարվել է եկամտային հարկ, ապա ֆիզիկական անձի՝ օրենքով սահմանված չափով եկամուտների մասով լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա օրենքով սահմանված ժամանակահատվածի համար։ Այսինքն՝ օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամտի ձեռքբերման երկրում:
-
Մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց՝ ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն:
-
Ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները:
-
Նախագիծը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում, նախատեսվում են լայն քննարկումներ, այդ թվում՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով արտագնա աշխատողների հետ: