Մոսկվայում այսօր ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել: Նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը նշել է, որ Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա ձերբակալված ֆիթնես մարզիչն ազատ է արձակվել «Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ և այսօր կվերադառնա Բաքու»։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի առավոտյան Զեյնալլին սոցցանցում հայտնել էր, որ իրեն տարել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանության բաժին, երբ պատրաստվում էր վերադառնալ Բաքու։ Զեյնալլիի խոսքով՝ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։
Ավելի ուշ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալլին սպանության համար միջազգային հետախուզման մեջ է։ Հաղորդվում է, որ ֆիթնես մարզիչը կասկածվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարեց բնակչին գլխատելու մեջ։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան