Հայաստանը տատանումներ չի կատարում, Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը. դա ամբողջովին բաց ենք կատարում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հայտարարություններին ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու թեմատիկայի շուրջ:
«Հայաստանի դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլև Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ: Եվ Հայաստանը, տեսնելով, որ մինչև 2020-2021 թվականը, այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, որը չի աշխատում ընդհանրապես, գործունյա չէ, իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում, և շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները: Այստեղ ես որևէ խնդիր չենք տեսնում:
Մենք հաստատակամ ենք մեր քաղաքականության ուղղությամբ և մենք իրագործելու ենք մեր բոլոր նպատակներն այս ուղղությամբ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ՌԴ դեսպանի այն որակումին, թե սեպտեմբերի 19-ի գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչների բռնի տեղահանումը «հակաահաբեկչական գործողություն է», ապա Արմեն Գրիգորյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել նրա խոսքերը, բայց եթե խաղաղապահների երկրի ներկայացուցիչը, խաղաղապահներ, որոնք պետք է պաշտպանեին Արցախի հայերին՝ մնալու Արցախում, նման ձևակերպումներ է տալիս, պետք է թողնել հանրության գնահատականին: Կարծում եմ՝ հայ հանրությունը լավագույնս է գնահատում այդպիսի հայտարարությունները»: