«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրից հայտնում են՝ տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։
2023 թ․ ընթացքում մշակվել և բյուջետավորվել է Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաթեթների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) գործիքակազմից օգտվելու համար։ Հայտը հաստատվել է 850.000 եվրո գումարով։ Նախաձեռնվել է համապատասխան համաձայնագրի շրջանառությունը, բոլոր հաստատումները ստանալուց հետո այն կուղարկվի հաստատման և կներկայացվի ստորագրման։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակներին ներկայացրել է դեպի Գյումրի և Գյումրիից դեպի ՀՀ-Վրաստանի սահման տանող ճանապարհների ներկա վիճակը‚ տեխնիկական պարամետրերը։ Նրա խոսքով՝ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս‚ որ դեպի Վրաստան ընթացող մեքենաների ինտենսիվությունը մեծացել է‚ և ՀՀ պետական բյուջեից մեծ ներդրումներ են կատարվել այդ ուղղությամբ ճանապարհային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս համատեքստում մանրամասն քննարկվել ու կարևորվել է նաև Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման հարցը։
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Գիհարդ-Բրանդ Ստեֆանին իր խոսքում նկատել է‚ որ բանկը կարևորում է նշված ծրագիրը‚ և հույս է հայտնել‚ որ հնարավորինս արագ կհասնեն համաձայնագրի ստորագրմանը։
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակում իրականացված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին։ Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է 2023 թվականին ավարտված ծրագրի արդյունքները‚ ըստ այդմ՝ 4․25 մլն եվրո դրամաշնորհի և ՀՀ համաֆինանսավորման շրջանակում ՀՀ ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։