Ռուստամ Բադասյանը անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտի հարկման հարցին: ՊԵԿ նախարարը մասնավորապես նշել է.
«Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ուղարկվել են միայն ծանուցումներ: Կոշտ վարչարարություն, ներառյալ՝ արգելադրում, գանձումներ և այլն չեն կատարվելու, քանի դեռ քննարկվում են օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը։ Որևէ տույժ, որևէ գործողություն չի իրականացվի, մինչև վերջնական եզրահանգումը և այդ մասին հասարակությանն իրազեկելը։
ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման վերաբերյալ՝ հարկային օրենսդրության փոփոխության շուրջ նախաձեռնվել է քննարկում քաղաքականություն մշակող մարմնի՝ ֆինանանսերի նախարարության հետ՝ որոշակի եկամուտների տեսակների և որոշակի սահմանափաչափով արտոնություններ կիրառելու վերաբերյալ։
Օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն և դրանք սահմանված են ՀՀ հարկային օրենսդրությամբ։
Պետական եկամուտների կոմիտեն պարտավորություն է կրում իրականացնելու հարկային վարչարարություն, այն պահից ի վեր, երբ Հայաստանը 2020 թվականին միացել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությանը, և դրա շրջանակում նախորդ տարվա ընթացքում հարկային մարմինն առաջին անգամ ստացել է տեղեկատվություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով»,- տեղեկացրել է Բադասյանը։