Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վերջինս ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ:
Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն է արտահայտում Միսաք Մանուշյանին և նրա ընկերներին` երկրի ազատագրման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Ժերար Լարշեն շեշտել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը ու ևս մեկ անգամ վերահաստատել Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, հավելելով` որ պարոն Լարշեին ՀՀ կառավարությունը, և ընդհանրապես հայ ժողովուրդն, ընկալում է որպես սերտ բարեկամ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևերի համար, որոնք ընդգծում են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:
Վարչապետը նշել է, որ այսօր Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ոչ միայն քաղաքական, տնտեսական, պատմական, այլ նաև խորը էմոցիոնալ կապը:
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: