Որոշ հետընթացներ, որոնց մասին ԱԳ նախարարը խոսել է, դեռևս ներկա են, բայց նաև կա հնարավորություն աշխատելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լրագրողի դիտարկմանը, թե նախորդ անգամ, երբ հայկական կողմը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ դիտարկումները, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե առաջարկներում հետընթաց է նկատվում՝ համեմատած նախորդի: Այս անգամ ի՞նչ արձանագրումներ կարելի է անել:
«Ես ուզում եմ՝ մենք դիտարկենք այս խաղաղության պայմանագրի բանակցությունները գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է առաջընթաց լինել, երբեմն կարող է հետընթաց լինել, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, առաջ մղել խաղաղության օրակարգը, և այս առումով խաղաղության պայմանագիրը մեզ համար առաջնահերթություն է:
Հուսով ենք, որ շուտով հանդիպումը և՛ արտգործնախարարների, և՛ փոխվարչապետների հնարավորություն կտա ընդհանուր առմամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը»,- ասաց նա և հավելեց, որ այլ մանրամասների մասին չի կարող խոսել: