Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաև կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաև լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:
Կապահովվի նաև օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: