Իտալացի լրագրող Սիմոնե Զոպելարոն իր հետաքննության մեջ անդրադարձել է եվրոպական երկրների և, մասնավորապես, Իտալիայի կողմից ադրբեջանական բռնապետության ուղղակի և անուղղակի աջակցությանը՝ «մի երկրի, որը 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտումներ է իրականացրել»:
Նա համեմատել է Ադրբեջանը և Ռուսաստանը, նշել, որ Եվրոպան հետզհետե նվազեցնում է Ռուսաստանից էներգակիրների գնումը, մյուս կողմից՝ որոշ երկրներ ավելի են սերտացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում: Լրագրողի խոսքով՝ Իտալիան նախատեսում է հանգույցի դեր ստանձնել ադրբեջանական գազի բաշխման համար: Միևնույն ժամանակ, նա հիշեցնում է, որ Բաքուն սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ այդ հարցում. ռուսական «Գազպրոմը» ադրբեջանական SOCAR-ին գազ է մատակարարում, որպեսզի վերջինս կարողանա բավարարել եվրոպացի սպառողների պահանջները:
Զոպելարոն անդրադարձել է նաև ռազմական ոլորտում Բաքվի և Հռոմի համագործակցությանը: Նա հիշեցրել է, որ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն 2023 թվականի հունվարին պաշտոնական այց էր կատարել Բաքու՝ «Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման նպատակով»։ Լրագրողի խոսքով՝ Իտալիան նաև պարարտ հող է ծառայել Բաքվի «խավիարային դիվանագիտության» համար:
«Մինչդեռ Ադրբեջանի հետ դիվանագիտական ճգնաժամի ֆոնին Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան, ԱՄՆ-ը, եվրոպական ինստիտուտները, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ դատապարտում են մարդու իրավունքների շարունակական խախտումները և նոր պատերազմի անխուսափելի վտանգը, որը սպառնում է Հայաստանին և կարող է է՛լ ավելի ընդլայնել հակամարտության գոտին, Հռոմը, կարծես, այլ ուղղությամբ է նայում»,- գրել է Զոպելլարոն:
Լրագրողը Ջորջա Մելոնիի կառավարությանը մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման համար, նշել, որ նա նմանվում է Վիկտոր Օրբանին, որը վարում է թուրքամետ քաղաքականություն: