Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ:
Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով է հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն (190+247): Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին:
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ էր դուրս եկել Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Նա առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունկի վնասվածք էր ստացել և լքել պայքարը։
Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել էին հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:
Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել էր փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել էր նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):
Մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն էլ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 336 կգ (154+182) արդյունք: Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:
Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք (170+195) և զբաղեցնելով 5-րդ տեղը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: