Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Հայ մարզուհին պոկում վարժությունում ևս նվաճել է փոքր բրոնզե մեդալը, իսկ հրում վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով:
36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Վերջինս առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունկի վնասվածք է ստացել և լքել պայքարը։
Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք՝ նախօրեին 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել էին հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:
Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել էր փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել էր նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):
Երեկ մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն էլ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 336 կգ (154+182) արդյունք: Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:
Նշենք՝ Հարությունյանի պարգևատրումն իրականացրել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք (170+195) և զբաղեցնելով 5-րդ տեղը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: