Սևանա լճի ձկնային պաշարները վտանգված են. էնդեմիկ իշխանը, կողակը, բեղաձուկը վաղուց Կարմիր գրքում են, սիգի քանակը լճում տարեցտարի նվազում է, չնայած նրան, որ Կառավարությունը վերջին տարիներին ձեռնարկում է լճի մակարդակի և ձկնային պաշարների ավելացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:
Միայն 2023-ին Կառավարության պահուստային ֆոնդից 495 մլն 691 հազար դրամ է ուղղվել Սևանի իշխանի պաշարների վերականգնմանն ու Ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացմանը:
Կարճաղբյուրի «Սևանի իշխան» գործարանում, բացի կարմիրգրքային իշխանից, արդեն նաև կողակի արհեստական բազմացում է իրականացվելու՝ հետագայում մանրաձուկը լիճ բաց թողնելու նպատակով: Այս քայլերը, սակայն, չեն կարող արդյունք տալ, եթե արդյունավետ չլինի ձկնագողերի դեմ պայքարը:
Միայն այս տարի կենդանական աշխարհին պատճառված վնասը սիգի ձվադրման ժամանակահատվածում կազմել է 12 մլն 165 հազար դրամ, հարուցվել է 5 քրեական գործ:
Սակայն երևույթը շարունակվելու միտումները դեռ առկա են:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: