Ռուս զինվորականներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Ավդեևկայի կոքսաքիմիական գործարանը։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին շաբաթ օրն ասել էր, ուկրաինական ստորաբաժանումները լքել են Ավդեևկան, որպեսզի խուսափեն շրջապատումից՝ մի քանի ամիս շարունակվող ռուսական կատաղի հարձակումներից հետո։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսներն այժմ վերախմբավորվում են Ավդեևկայում իրենց նպատակին հասնելուց հետո։ Այնտեղ «մաքրման» գործողություն են իրականացնում։ Միևնույն ժամանակ, Կիևը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Ավդեևկայում ռուսական զորքերի կողմից վեց անզեն ուկրաինացի զինվորների և մոտակա գյուղում ևս երկուսի գնդակահարության առնչությամբ:
Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտարարել է, որ Ավդեևկայի ավերակների նկատմամբ վերահսկողությունը ՌԴ ԶՈՒ-ին ռազմավարական որևէ առավելություն չի տա։ Ընդ որում՝ տարածքի համար մղվող ճակատամարտում ռուսներն ավելի շատ կորուստներ են ունեցել, քան Բախմուտի համար մղվող մարտերում։
Նշվել է նաև, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակումներն Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Վերջին 24 ժամվա ընթացքում Մարյինսկի և Զապորոժիեի ուղղություններում նկատվել է ակտիվության աճ։