Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել և ծանոթացել թանգարանի գործունեությանը՝ հյուրընկալող տանիքի ներքո։ Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը գրքեր է նվիրել թանգարանին։
Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել նաև «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կտորների վրա արտացոլված լուսանկարները, գրառումներն ու բանաստեղծական տողերը պատմում են Հովհաննես Թումանյանի և Հրանտ Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին:
Ցուցադրությանը բացման խոսքով հանդես են եկել Հովհ. Թումանյան թանգարանի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորի շնորհանդեսը: