«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է նոր սարքավորումներով։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Կենտրոնն այսուհետ կիրականացնի՝
1․ ներքին էլեկտրական ցանցի հայտնաբերում, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կազմել թաքնված մալուխների և հաղորդալարերի մոնտաժման սխեման.
2․ թաքնված մոնտաժմամբ տեղակայված մալուխների և հաղորդալարերի վնասված հատվածների հայտնաբերում.
3․ արտաքին և ներքին տեղադրման հողակցման կառուցվածքների պարամետրերի ճշտում և ստուգում.
4․ մատակարարվող հոսանքի (մինչև 1000 վոլտ) որակի ամբողջական ստուգում, ինչպես նաև կայանների կողմից՝ այդ թվում արևային, արտադրած հոսանքի ցուցիչների ստուգում և վերլուծում.
5․ տարածքում ոչ տեսանելի, մինչև 6 մ խորությամբ տեղակայված մալուխների հայտնաբերում՝ առանց հետախուզական աշխատանքների, ուղեգծերի որոշում.
6․ էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման կայանների պարամետրերի ամբողջական վերլուծություն.
7․ մալուխների և հաղորդալարերի մեկուսացման որակի, ամբողջականության ու մեկուսիչ շերտի դիմադրության ստուգում.
8․ յուրաքանչյուր հատվածում (մինչև 1000 վոլտ) կարճ միացման հոսանքի հաշվարկ՝ ավտոմատ ռեժիմում։
Նորացվել է նաև կենսաբանական փորձաքննություններ իրականացնող լաբորատորիան, ձեռք բերելով այնպիսի նորագույն սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել նոր փորձաքննություն՝ պարզելով ծառի տարիքն ու բարձրությունը։