ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում պատգամավորը Գիրք նվիրելու օրվա առիթով Ազգային ժողովի կողմից գրքեր է նվիրել հանդիպման մասնակիցներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, երկրի խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող հարցերին:
Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի հարևան երկրների հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտի խնդիրներին: Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Ակադեմիական քաղաքի կառուցումը՝ նշելով, որ երկրի զարգացման և առաջընթաց արձանագրելու համար շատ կարևոր է ունենալ կրթված հասարակություն: