Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային անցանկալի անձ է հայտարարել՝ Գազայի հատվածում պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով, հայտնում է իսրայելական i24 հեռուստաալիքը։
Կիրակի Բրազիլիայի ղեկավարն ասել է, թե այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և այն համեմատել է հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի վայրագությունների հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարություններն անվանել է կարմիր գծի հատում։ Նեթանյահուի խոսքով՝ Լուլան փորձում է վնասել հրեա ժողովրդին և Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
Ավելի վաղ արտգործնախարար Կացը նկատողություն էր արել Բրազիլիայի դեսպան Ֆրեդերիկո Մայերին՝ կապված Լուլա դա Սիլվայի հայտարարությունների հետ։