Բյուջետային գրասենյակը 2023 թ. ընթացքում ստացել է 45 հարցում, որից 17-ը՝ պատգամավորական, 28-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորների է տրամադրվել 511 տեղեկանք. այս մասին ասել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Հայկազ Նասիբյանը:
ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թ. տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 19-ի նիստում:
Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, ՀՀ 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, ՀՀ 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, ինչպես նաև ՀՀ 2023 թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի և ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրերը:
Բյուջետային գրասենյակը պատրաստել է նաև 192 ոլորտային տեղեկանք ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ, որոնք տրամադրվել են ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովներին՝ ըստ իրենց գործունեության ոլորտների, ինչպես նաև ԱԺ նախագահին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր խմբակցություններին և պատգամավորներին:
Պատրաստել է 6 համեմատական, այդ թվում՝ վերլուծական տեղեկանք ՀՀ 2022 թ. տարեկան և 2023 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեներով նախատեսված հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ:
Պատրաստել է համեմատական-վերլուծական 24 տեղեկանք ՀՀ 2021-2023 թթ. սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների, 132 համեմատական-վերլուծական տեղեկանք ՀՀ 2023 թ. պետական պարտքի և 11 համեմատական վերլուծական տեղեկանք ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վերաբերյալ:
ԱԺ մշտական հանձնաժողովներին ու շահառու պատգամավորներին ներկայացվել է 26 դիտարկում և հարցադրում ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ 5 բյուջետային գլխավոր կարգադրիչների բյուջետային ծրագրերի վերաբերյալ:
2023 թ. ինն ամիսներին բյուջետային գրասենյակը ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի աջակցությամբ ու ԱԺ պատգամավորների, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպել է աշխատաժողով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ շեշտադրելով ծրագրային, գենդերազգայուն և ԿԶՆ բյուջետավորման հարցերը» թեմայով:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ փորձ է արվում ավելացնել բյուջետային գրասենյակի կարողությունները՝ ներգրավելով համապատասխան փորձագետներ ոլորտային կառույցներից:
Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է փետրվարի 26-ին` «Ներքին գործերի նախարարությունում 2023 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: