Այս տարի ավելի մեծ քանակով աղ ենք օգտագործել, քան նախորդ տարիներին, հետևապես դա որոշակիորեն արտահայտվել է ասֆալտի ծածկույթի քայքայման տեսանկյունից: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ արդեն որոշակի աշխատանք իրականացվել է, մրցույթներն ամփոփման փուլում են, և մեծ ծավալի աշխատանք է պետք իրականացնել, մանավանդ որ եղանակն արդեն թույլ է տալիս:
Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընթացիկ փոսալցումների վերանորոգման աշխատանքների մրցույթի բացումն այսօր է, և որ հայտերի գնահատումն իրականացնելուց հետո բոլոր լոտերի մասով (2 վարչական շրջանը կազմում է 1 լոտ, հետևապես կա 6 լոտ) համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո կճանաչվեն հաղթող կազմակերպություններ:
«Եթե եղանակներն այսպես պահպանվեն, ապա կկարողանանք գարնան սկզբից ինտենսիվ փոսալցում անել՝ բոլոր նորմերը պահպանելով»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
Ավինյանը Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին խնդրեց ստանձնել աշխատանքների վերահսկողությունը՝ բոլոր գործիքակազմերն օգտագործելով: