Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները:
Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209 կգ) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205 կգ) և դարձել արծաթե մեդալակիր:
Նշենք պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:
Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել է նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):
Այսօր ավելի վաղ մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
;