Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Իր խոսքում վարչապետը կարևորել է Մյունխենի անվտանգության համաժողվին Հայաստանի մասնակցությունը, համարել արդյունավետ և կարևոր:
«Առաջին հերթին արձանագրումն այն է, որ եվրոպական համայնքում ՀՀ ընկալումները փոխվում են դրականորեն և ՀՀ-ին սկսել են ավելի ու ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին, ժողովրդավարական օրակարգին, և մենք տեսնում ենք, որ և՛ Եվրամիության կողմից, և՛ մեր կողմից էլ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն և պատրաստակամություն կա: Ուզում եմ ընդգծել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ կապված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծման ոլորտում համագործակցությունը քննարկելու առիթ ունեցա նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ, նաև երկկողմ մակարդակում մի շարք հանդիպումներ ունեցա մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրաքի վարչապետի, Գերմանիայի կանցլերի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մյունխենյան այցի օրակարգը:
Վարչապետը անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում:
Ընդհանուր առմամբ, եթե ձեռքբերված պայմանավորվածությունները պահվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք հավատարիմ մնալու այդ պայմանավորվածություններին: Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերի Խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: Իհարկե, Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռևս համաձայնեցված չեն և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը: