ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս հանգամանքն են օգտագործում իրավապահները` բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելիս:
Ոստիկանությունը վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենք-զինամթերքի հարուստ տեսականին ներկայացրել է մեկ տեսաշարով:
«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթեքի կամավոր հանձնման, նաև՝ հայտնաբերման դեպքեր։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել, որ մի ուղևորի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու պայուսակում հայտնաբերել է ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 3 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ֆանարջյան փողոցին հարող գերեզմանատան մոտ ինքնաձիգ է թողել։ Ինքնաձիգը հայտնաբերվել է։ Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին էլ Սիլիկյան 5 խճուղում էր թողել ԱԿ-74 տիպի ինքնաձիգ։ Արաբկիրի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, իսկ Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել «Ալաշկերտ» մարզադաշտի մոտ։ Էրեբունու բաժնի ծառայողներն էլ քաղաքացու զանգի հետքերով Նուբարաշենում հայտնաբերերել են ինքնաձիգ։ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին զանգահարած քաղաքացին օդանավակայանի հարևանությամբ էր թողել ինքնաձիգ ու ռազմամթերք, իսկ Երևանի
Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել մետրոյի դեպոյի մոտակայքում։ Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել Սեբաստիայի փողոցում։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, նշված տանը խուզարկություն է կատարվել: Հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի ինքնաձիգ՝ պահեստատուփով, երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, երկու նռնակ, հրացանի 48 փամփուշտ, այլ զինամթերք: 56-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 6 փամփուշտ:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: 33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են արձանագրվել ոստիկանության մարզային վարչություններում և ենթակա բաժիններում։
Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դարակերտ գյուղի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։ Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեծաքանակ ինքնաձիգներ, որսորդական հրացան, նռնակներ և ռազմամթերք։ Կումայրիի բաժին զանգահարած քաղաքացին Ղարիբջանյան խճուղում էր թողել ռազմամթերք։
Ինքնաձիգների և ռազմամթերքի հանձնման դեպք է արձանագրվել նաև Եղեգնաձորի բաժնում։ Ջերմուկի բաժնում հանձնել են որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք, Ճամբարակի բաժնում` որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչներ ու ռազմամթերք, Աշտարակի բաժնում` որսորդական հրացան, ինքնաձիգ և ռազմամթերք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Գորիսի բաժնում։ Որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք են հանձնել Թալինի և Ապարանի բաժիններում։ Արագածի բաժնում արձանագրվել է ատրճանակի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ռեստորաններից մեկի մոտ թողել են մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, հրազեն, նռնակներ։
Ինքնաձիգ, նռնակ և ռազմամթերք են հանձնել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի հայտնել է, որ մեծաքանակ զենք-զինամթերք է թողել «Ջաջուռի ավտոտնակների» մոտ։ Արարատի մարզային վարչությունում նույնպես արձանագրվել է մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք. ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ ու ռազմամթերք։ Մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնաման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում՝ ինքանձիգներ, ատրճանակ, նռնակներ և ռազմամթերք։
Ոստիկանության ամենօրյա պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ շարունակվում է։
Կրկին հորդորում ենք՝ նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։