Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական կապերի զարգացումը: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում տնտեսական, կրթամշակութային կապերի ներուժի և դրա աշխուժացման կարևորությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը կողմերը անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Պերուի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պերուի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ։