ԱՄՆ նախագահը երեկ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի «Բևեռային գայլ» գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո հանդես է եկել հատուկ ուղերձով, հայտարարել՝ տեղի ունեցածի համար պատասխանատու է Ռուսաստանի նախագահը։ «Պուտինը ոչ միայն թիրախավորում է այլ երկրների քաղաքացիներին, ինչն այժմ տեսնում ենք Ուկրաինայում, այլև սարսափելի հանցագործություններ է կատարում սեփական ժողովրդի դեմ»,- ասել է Ջո Բայդենը։ «Նավալնին կարծում էր, որ հնարավոր է կառուցել Ռուսաստան, որտեղ կգերիշխի օրենքը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը Նավալնիի մահվան հետ կապված հնարավոր գործողությունների մի շարք տարբերակներ է դիտարկում: Լրագրողները հիշեցրել են Սպիտակ տան ղեկավարին իր տված խոստումը, որ Նավալնիի մահը կործանիչ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար: Բայդենը նշել է, որ Մոսկվան արդեն լուրջ դժվարությունների է բախվել՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում տված կորուստները և հակառուսական պատժամիջոցները: ԱՄՆ նախագահն անդրադարձել է Ուկրաինայի և Գազայի հատվածի շուրջ զարգացումներին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատը չի հաստատում Կիևին աջակցության փաթեթը:
«Ժամանակն անցնում է, Վաշինգտոնը պետք է օգնի Ուկրաինային հիմա»,- շեշտել է Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ վերջերս լուրջ բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, կոչ արել ժամանակավոր հրադադար հաստատել և առանց խաղաղ բնակիչների համար անվտանգության միջոցառումների ապահովման ռազմական գործողություններ չձեռնարկել Ռաֆահ քաղաքում. այնտեղ այժմ միլիոնից ավելի փախստականներ են ապաստանել: Նա հույս է հայտնել, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածության կգան գերիների ազատ արձակման հարցում, որոնց շարքում բացի իսրայելցիներից կան նաև ԱՄՆ քաղաքացիներ: