ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության 2023 թվականի զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը մշակում է մի շարք զինատեսակներ, որոնք նախատեսված են առանձին արբանյակները թիրախավորելու համար, ինչպես նաև կարող է մշակել «ավելի բարձր հզորության համակարգեր, որոնք վտանգավոր են ամբողջ արբանյակային կառույցների համար»,- գրում է Reuters-ը:
«Տիեզերական զենքը միջուկային էներգիա է պահանջում արբանյակների վրա հարձակվելու համար և այն կարող է ներառել ազդանշանային խլացուցիչներ, զենքեր, որոնք կարող են «կուրացնել» պատկերի սենսորները, էլեկտրամագնիսական իմպուլսային գեներատորներ, որոնք կարող են խափանել արբանյակների ամբողջ էլեկտրոնիկան ուղեծրի որոշակի տարածքում»: Այդ մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Սակայն, ըստ նրա, այդ զինատեսակները դեռ տեղակայված չեն, և անվտանգությանն անմիջական վտանգ չկա։
Քիրբին միաժամանակ ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում այն զենքերին, որոնք «կարող են օգտագործվել մարդկանց վրա հարձակվելու կամ Երկրի վրա ֆիզիկական ոչնչացման համար»։
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալբանիա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է, որ ռուսական հնարավոր սպառնալիքը դեռ «ակտիվ չէ», սակայն ԱՄՆ վարչակազմը դրան «շատ, շատ լուրջ» է վերաբերվում։