ԱՄՆ Կոնգրեսը պետք է հնարավորինս արագ հավանություն տա Ուկրաինային նախատեսված ռազմական օգնության նոր մատակարարումներին: Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ մարտերն արևելյան ճակատում հասել են ծայրահեղ բարձր ինտենսիվության, իսկ Ավդեևկայում իրավիճակը կրիտիկական է, գրում է DW-ն։
Ըստ Քիրբիի տեղեկության՝ ՌԴ զորքերը կարող են գրավել քաղաքը, քանի որ «սպառվում է ուկրաինական ուժերի հրետանային զինամթերքը»: Նա «հսկայական» է անվանել Կոնգրեսի անգործության գինը, որը հրաժարվում է հաստատել Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը: «Այն, ինչ այժմ կատարվում է Ավդեևկայում, կարող է կրկնվել ճակատի մեկ այլ հատվածում»,- զգուշացրել է Սպիտակ տան խոսնակը։
Ամերիկյան The Washington Post պարբերականն էլ, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, հայտնում է, որ ուկրաինական զինված ուժերը սկսել է իր ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Ավդեևվկայից: Ըստ WP-ի աղբյուրների՝ քաղաքի կորուստը «ժամանակի հարց է»։
Դոնեցկի մարզում Ավդեևկայի համար կատաղի մարտերի ֆոնին ուկրաինական զորքերի «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին ասել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում է զինվորականներին տեղափոխել նոր, նախապես պատրաստված դիրքեր։
Նա Ավդեևկայում ստեղծված իրավիճակը նույնպես անվանել է ծանր, բայց վերահսկելի և ընդգծել է, որ ուկրաինական զորքերի գործողությունն այդ տարածքում կշարունակվի։