Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ցնցված է Նավալնու մահվան մասին լուրից: Նա քաջություն է համարել Բեռլինից ռուս ընդդիմադիր գործչի հայրենիք վերադարձը, որի համար Կրեմլի քննադատը, ըստ Գերմանիայի կանցլերի, վճարեց իր կյանքով:
«Հիմա մենք հստակ գիտենք, թե ինչ ռեժիմ է Մոսկվայում: Ռուսաստանը վաղուց դադարել է ժողովրդավար լինելուց: Յուրաքանչյուր ոք, ով քննադատում է, ով պաշտպանում է ժողովրդավարությունը, պետք է վախենա իր կյանքի և անվտանգության համար»,- հայտարարել Է Գերմանիայի կանցլերը ՝ ցավակցություն հայտնելով Նավալնու հարազատներին ու մերձավորներին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցիալական ցանցում գրել է, որ Եվրամիությունը Ալեքսեյ Նավալնու մահվան ողջ պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի ղեկավարության վրա։ «Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների: Հանուն իր իդեալների նա կատարեց գերագույն զոհաբերություն»,- գրել է Շառլ Միշելը՝ իր խորին ցավակցությունը հայտնելով գործչի ընտանիքին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է. «Մենք պետք է պարզենք բոլոր փաստերը: Ռուսաստանը պետք է պատասխանի նրա մահվան հանգամանքների վերաբերյալ բոլոր հարցերին»:
Չի ուշացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանն այդ հայտարարություններին: «ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների ակնթարթային արձագանքը Նավալնու մահվանը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- ասել է Զախարովան։