Մոսկվան և Անկարան փորձում են լուծել երկրների միջև վճարումների հետ կապված խնդիրները. որոշ տեղերում առաջընթաց է նկատվում, որոշ տեղերում իրավիճակը բարդ է, հաղորդում է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը։
Ռուս-թուրքական գործարար խորհրդի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Էգարմինն ասել է, որ դժվարություններն առաջացել են Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կրկնակի պատժամիջոցների վտանգի պատճառով:
Գործարարի խոսքով՝ թուրքական բանկերը կանգնած են ընտրության առաջ: Եթե նրանք աշխատեն ռուսական ընկերությունների հետ, ապա կդադարեցվեն թղթակցային հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այդ դեպքում բանկը կկարողանա գործել միայն Թուրքիայում։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև դրամական փոխանցումների հարցով զանգվածային խնդիրների մասին սկսել են հաղորդել 2024 թվականի սկզբին: Թուրքական բանկերը խզում են թղթակցային հարաբերությունները և դադարեցնում վճարումների գործընթացը՝ առանց պաշտոնապես փակելու պայմանագրերը, ոմանց հաշիվները փակվել են։