ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ՀԲ պատվիրակության ներկայացուցիչ, կազմակերպության ծրագրերի որակի պատասխանատու Իմադ Սալեհը ՏԿԵ փոխնախարարին, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանին և Վարազդատ Մկրտչյանին է ներկայացրել Investment project financing with performance based conditions (IPF-PBC) ծրագրի մանրամասները։ Այն ՀԲ-ն օրերս ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը։
Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը խորքային է, ենթադրում է մեծ բարեփոխումներ և համալրված է լուրջ ներդրումային բաղադրիչով։
ՏԿԵ փոխնախարարը հիշեցրել է, որ ՏԿԵՆ-ը Համաշխարհային բանկի հետ 2005 թվականին ջրային կառավարման ոլորտում արդյունավետ համագործակցություն է ունեցել։ ՏԿԵ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս անգամ ևս համագործակցությունը կունենա հաջողություն։
Տերտերյանի խոսքերով՝ կարևոր է հասկանալ, թե ներկայացված ծրագրի իրագործման որ մոդելն ու գործիքներն ավելի արդյունավետ կարող են լինել։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել ծրագրի բաղադրիչները և ձեռք բերել պայմանավորվածություններ։