ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից:
Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր ստեղծվող արժեքների ստեղծման գործում։
Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 202 4թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հերթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։
Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։
Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։