Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար:
Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
«Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական և կրթական կյանքում, և մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս և այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը:
Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադևը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և հարատև անվտանգության հաստատման հարցում:
Ռումեն Ռադևն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ և վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը:
«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և այս համատեքստում մենք ակնկալում ենք նաև Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական և առևտրատնտեսական ոլորտներում: