Գերմանական Mercedes-Benz Group ընկերությունը ազատվել է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «ԿամԱԶ» ավտոմոբիլային ընկերությունում իր բաժնեմասից։ Ռուսաստանի բեռնատար մեքենաներ արտադրող խոշորագույն արտադրողի բաժնետոմսերի 15 տոկոսի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարել է Շտուտգարտում Mercedes-Benz-ի ներկայացուցիչը։
Թե ովքեր են գնել բաժնետոմսերը և ինչ գնով են դրանք վաճառվել, չի հաղորդվում։ Նախօրեին «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը հայտարարել էր գերմանական ընկերությանը պատկանող բաժնետոմսերի վաճառքի մասին՝ ընդգծելով, որ Mercedes-Benz Group-ի մաս հանդիսացող Daimler Truck-ը, որն ի սկզբանե ուներ բաժնետոմսեր Թաթարստանում հաստատված ձեռնարկությունում, 2022 թվականից դադարեցրել է գործունեությունը։
«ԿամԱԶ»-ը Ռուսաստանում բեռնատարների և ավտոբուսների առաջատար արտադրողն է, որը երկար տարիներ նաև զրահատեխնիկա է արտադրում ռուսական բանակի համար։ Ընկերության հիմնական բաժնետերը Rostec պետական կորպորացիան է, որի դեմ պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։