Տնային կալանք որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն է ասել, որ Վահան Քերոբյանը պաշտոնից ազատվելու դիմում գրի, էկոնոմիկայի նախկին նախարարը պատասխանեց.
- Առաջարկել են դիմում գրել:
- Արայիկ Հարությունյա՞նն է առաջարկել:
- Այո՛:
- Իսկ Փաշինյանի հետ խոսե՞լ եք այդ ընթացքում:
- Հա՛, նամակով շնորհակալություն եմ հայտնել համատեղ աշխատանքի համար: Ինքը՝ նույնպես:
- Ուղիղ շփում չի՞ եղել:
- Ո՛չ:
Վահան Քերոբյանը նաև ասել է, որ նեղացած չէ, և աշխատանքի հնարավորության համար, իսկապես, երախտապարտ է:
Լրագրողների հարցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի, Քերոբյանն ասաց.«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»։
Հիշեցնենք, որ դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
Ինչպես հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբանը, նախկին նախարարը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: