Դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այդ ժամանակահատվածում մեղադրյալին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվեն հեռախոսային խոսակցությունները, բացառությամբ շտապօգնության, իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կանչերը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում: Կարգելվեն էլեկտրոնային նամակագրությունները, հաղորդագրության այլ ձևերից օգտվելը:
Հիշեցնենք, որ, ինչպես հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբանը, նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանը նշել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:
Նախկին նախարարը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ: