Հունվարի 22-ը նոր էր սկսվել, երբ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 18:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Բնակարանում և մուտքուելքի հնարավոր հատվածներում իրականացվեց զննություն: Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, կողպեքը վնասված չէր, տան իրերն էլ առանձնապես խառնշտորած չէին: Իսկ գողոնի չափը բավական մեծ էր` 310 հազար դրամ, 8 հազար դոլար և մոտ 10 հազար դոլարի ոսկեղեն:
Համադրելով զննությամբ ձեռք բերված տվյալները և ստանալով օպերատիվ հավաստի տեղեկություն` Նոր Նորքի քրեական հետախույզները մի քանի օրվա ծավալուն աշխատանքից հետո պարզեցին հանցագործության մեխանիզմը:
Ըստ նախնական տվյալների` 62-ամյա տանտիրուհու որդու 28-ամյա կինը հանցավոր համաձայնության էր եկել նույն փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի հետ և նրան փոխանցել տան բանալին: Վերջինս էլ իր հերթին բանալին տվել էր նույն փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որն էլ Սարի թաղի բնակիչ իր հասակակից ընկերոջ հետ ապօրինի մուտք էր գործել բնակարան և կատարել գողություն: Նույն օրը 45-ամյա տղամարդիկ հանդիպել էին բանալին իրենց տված 25-ամյա երիտասարդին և, որպես գողության մասնաբաժին, տվել հազար դոլար:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ի կեսօրին մոտ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության բաժին: Հաջորդ օրը ձերբակալվեցին նաև Վիլնյուսի փողոցի և Սարի թաղի բնակիչ 45-ամյա տղամարդիկ: Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմին:
Հարսին առաջադրվել է մեղադրանք հանցագործությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցներ՝ մնացածը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: