Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ-ի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այդ մասին Կառավարության փետրվարի 15-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է: Որպեսզի զորքերն իրենց դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ, այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն: Այսինքն՝ եթե սահմանի գծի երկու կողմերից առաջ զորքեր կան, պիտի հետ քաշվեն այդ՝ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ:
Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան: Սա կառուցողական դիրքորոշում չէ, և կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ-ի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են»,- ասաց նա: