Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը:
ԱԺ նախագահը Բուլղարիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկկողմ ձևաչափով Հայաստան-Բուլղարիա երկխոսության կարևորությունը:
«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս այցը նոր թափ կհաղորդի մեր երկու երկրների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նիկոլայ Դենկովն ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հիմքում մեր երկու երկրների ընդհանուր արժեքներն են, որոնք ամրապնդվել և շարունակական զարգացում են ապրում ժողովրդավարական հաստատուն հիմքերի և տեսլականի շնորհիվ:
«Մենք մեծ հարգանք ենք տածում Հայաստանի պատմության և մշակույթի նկատմամբ»,- նշել է Բուլղարիայի վարչապետը:
Անդրադառնալով Եվրոպական միության շրջանակում համագործակցությանը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Բուլղարիայի Հանրապետության շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
«Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր է Հայաստանի համար: Այս հարցում ապավինում ենք նաև Բուլղարիայի աջակցությանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:
«Չնայած Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերներին, որոնց հերթական դրսևորումն արձանագրվեց փետրվարի 13-ին, հայկական կողմը հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը: Մեր տեսլականը հաստատուն է և հիմնված տարածքային ամբողջականության ու պետական սահմանների ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն Ալմաթիի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտների վերաբերյալ: