Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդիսանում է Դատախազության կայուն գործընկերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման առումով:
Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակում Դատախազության ներկայացուցիչները հնարավորություն են ունենում օտարերկրյա ուսումնական հաստատություններում անցնել վերապատրաստումներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ: