Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ամենաներկայանալի թաղամասում՝ 9-11, Բենուվիլ 75016 հեսցեում, ձեռք կբերի նոր, ընդարձակ և ավելի ներկայանալի դեսպանության շենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը:
«Մոտ երեք տասնյակ շինություններ դիտարկելուց հետո ընտրությունը կանգնեց Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող, պատմամշակութային նշանակության այս շենքի վրա, որը նախկինում հանդիսացել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ'Դեստենի առանձնատունը իր նախագահության տարիներին (1974-1981 թթ.), որտեղ նա բնակվել է 1956-ից մինչև իր կյանքի ավարտը։ Ֆրանսիայի համար պատմական նշանակություն ունեցող շատ որոշումնր կապվում են նրա անվան հետ։
Շինությունն իր եզակի և ուրույն ճարտարապետության հանգամանքով պայմանավորված՝ գրանցված է Փարիզի ճարտարապետական և պատմական հուշարձանների ցանկում և գտնվում է պետական պահպանության ներքո։
16-րդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ և բարվոք թաղամասերից մեկը, որտեղ տեղակայված են 100 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնց թվում՝ 70-ից ավելի դեսպանություններ։
Շենքն ունի 1226 քմ աշխատանքային տարածք և մոտ 500 քմ այգի։ Գործարքի արժեքն է 23 մլն եվրո»,- գրել է նա։
Ավելի վաղ Կառավարությունը որոշում էր կայացրել, որ ԱԳՆ-ին կհատկացնի գումար՝ վճարելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի ձեռքբերման կանխավճարը: Գործարքի ընդհանուր գումարը 23 միլիոն եվրո է, իսկ կանխավճարը՝ 2 միլիոն 300 հազար եվրո, ընդհանուր արժեքի՝ 10 տոկոսը: