ԱԳՆ-ին կհատկացվի գումար՝ վճարելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի ձեռքբերման համար կանխավճար վճարելու նպատակով: Գործարքի ընդհանուր գումարը 23 միլիոն եվրո է, իսկ կանխավճարը՝ 2 միլիոն 300 հազար եվրո, ընդհանուր արժեքի՝ 10 տոկոսը: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստին հաստատման ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց օգտագործվում է: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին, պայմանագիրն ավարտվում է 2025-ին: Հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ պատճառով դեսպանությունը հանձն է առել շենքային նոր պայմաններ գտնել Փարիզում:
«Երեք տասնյակ տարբերակներ են քննարկվել, և դեսպանությունը կանգ է առել այս տարբերակի վրա, և այս առաջարկը ներկայացվել է Կառավարությանը»,- ասաց Մնացական Սաֆարյանը և նշեց, որ լոգիստիկ առումով և անվտանգության տեսանկյունից ընտրված շենքն ունի առավելություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, որ շենքը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ-ին, բայց նաև նշեց, որ ՀՀ-ի քաղաքականությունն է՝ դեսպանությունների համար ունենալ սեփական տարածք: Նա նաև հիշեցրեց, որ 2023-ին ՀՀ-ն տարածք էր գնել Լոնդոնում տեղակայված դեսպանության համար: